ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանի բեսպրեդելը

Փաշինյանի բեսպրեդելը
18.11.2026 | 23:01

«64 միլիարդի գող՝ ազգային մեծ բարերար». այս ձևակերպմամբ այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանին։

Այս հայտարարությամբ վարչապետը ոչ միայն կոպտորեն խախտել է Կարապետյանի անմեղության կանխավարկածը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, այլև, ըստ էության, ուղիղ հրահանգ է տվել նախաքննության մարմնին և դատարանին։

64,5 միլիարդ դրամի վնասի մասին պնդումը Քննչական կոմիտեի մեղադրանքն է, ոչ թե դատարանով հաստատված փաստ։ Ավելին, պաշտպանական կողմը պնդում է, որ Կարապետյանը չի կարող «գողանալ» իրեն պատկանող ընկերությունից, և որ ՀԷՑ-ից դեռևս ունի ստանալիք զգալի շահույթ։ Այլ խոսքով, իրավական առումով գործը զուրկ է փաստական հենքից, մինչդեռ փաստացի վարչապետն արդեն հրապարակային դատավճիռ է կայացրել։

Նույն վարքագիծն է Փաշինյանը դրսևորում նաև Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և քրեական հետապնդման ենթարկվող իր մյուս քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

Այստեղ գործ ունենք դատական իշխանության անկախության և իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի համակարգային ոտնահարման հետ։

Փաշինյանն, ըստ էության, ուզուրպացրել է դատական իշխանությունը՝ իր վրա վերցնելով քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ միանձնյա «դատավճիռներ» կայացնելու գործառույթը։

Ավտորիտար համակարգում նախաքննության մարմիններին վերապահված է Փաշինյանի քաղաքական մեղադրանքները «հիմնավորելու», իսկ դատարաններին՝ նրա հրապարակած «դատավճիռները» իրավական ձևակերպումներով ամրագրելու դերակատարությունը։

Սա է փաշինյանական «ժողովրդավարությունը», որն իրավական պետության հետ որևէ աղերս չունի։ Նման պրակտիկան ոչ միայն խախտում է սահմանադրական սկզբունքները, այլև համակարգված կերպով քայքայում է հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ՝ այն վերածելով քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 68

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ